Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Այցելություն Սուրբ Հովհան Օձնեցի կաթողիկոսի շիրիմին

Այցելություն Սուրբ Հովհան Օձնեցի կաթողիկոսի շիրիմին
20.04.2018 | 00:50

Ապրիլի 17-ը Հովհաննես Իմաստասեր կաթողիկոսի հիշատակի օրն էր: Իսկ դա նշանակում է, որ ուխտագնացություն էր կատարվելու դեպի Արդվու Սուրբ Հովհաննես եկեղեցի, ուր թաղված է նա: Այս տարին բացառություն չէր, առավել ևս այն շարունակում էր մնալ հոբելյանական, քանի որ սկզբունքորեն եզրափակվում էին նրա գահակալության 1300-ամյակին նվիրված միջոցառումները, որոնք ողջ տարվա ընթացքում անցկացնում էր թեմը` Մայր աթոռ սուրբ Էջմիածնի, Լոռու մարզպետարանի, Օձունի գյուղապետարանի (Արդվին այս տարածքում է), «Լոռվա ձոր» հայրենակցական միության և այլ համագործակցողների հետ: Դրանք քայլեր էին, որոնց նպատակն էր հանրահռչակել մի հոգևոր գործչի, որին ամեն մի հայ ավելի մոտիկից պետք է ճանաչի, քանի որ նրա կյանքի սրբությունն ու մաքրությունը կենդանության օրոք իսկ նրան սրբի ու հրաշագործի համբավ բերեցին: Եվ պատահական չէ, որ նրա այդ կերպարն առկա է և գրականությունում, և նկարչության մեջ, անգամ քանդակագործությունում:


Քանդակը, որը տեղադրվել է Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում, դարձյալ գրավիչ է:
Ուխտավորները հասնում են նոր տեղադրված արձանի մոտ, և սկսվում է հոգևոր արարողությունը` Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի գլխավորությամբ:
Ներքև է սահում սպիտակ ծածկոցը, և վեր է հառնում Հովհան Իմաստասերի կերպարը` ինչ-որ տեղ որպես կաթողիկոսի, գուցե և ճգնավորի, երբ նա հանուն իր երկրի միասնականության թողեց կաթողիկոսական գահը և հայտնվեց Արդվի գյուղի այս հատվածում` իր հոգևոր եղբայրների հետ: Սրբազան հայրը ներկայացնում է Հովհան Օձնեցի Իմաստասերի կյանքը և գործը:


Շարունակելով իր խոսքը՝ սրբազան հայրն ասաց, որ նրա համար կարևորը ազգային միասնությունն էր, հանուն որի գնաց աննախադեպ զոհողությունների՝ հրաժարվելով գահից:
Հովհան Օձնեցի Իմաստասեր հայոց հայրապետը, շնորհիվ իր հավասարակշռված քաղաքականության, հաջողությամբ դիմակայեց Հայաստանի վրա մեծ ազդեցություն ունեցող բյուզանդական և արաբական երկու հզոր պետությունների հարուցած դժվարություններին: Նա, շուրջը համախմբելով իշխաններին և եկեղեցականներին, անզիջում պայքար մղեց քաղկեդոնականության, պավլիկյան և երևութական աղանդի ու հերձվածների դեմ` նախ և առաջ Հայաստանը մաքրելով ազգը երկպառակտող ու թուլացնող արտաքին ու ներքին թշնամիներից: Հարկ է կարծել, որ Հովհան Օձնեցու պայքարն աղանդավորական շարժումների և քաղկեդոնականության դեմ մեծ նշանակություն ունեցավ հայ եկեղեցու դավանանքի ազգայնացման գործընթացը որակական նոր աստիճանի հասցնելու գործում:
Այնուհետև ուխտավորներին դիմեց «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, ընդգծելով, որ այսօր արժանահիշատակ օր է, քանի որ ոչ միայն մեզ հիշեցնում է Հովհան Օձնեցի կաթողիկոսի մասին, այլև մղում է բոլորիս դասեր քաղելու նրա կյանքից ու գործունեությունից:


«Որքան մեզանից հեռանում է Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսը, այնքան նրա կարիքը մենք ավելի ու ավելի ենք ունենում, որովհետև սովորեցնում էր դավանել այն արժեքները, որոնք ազգային են և կարող են պահել ու փայփայել ազգային միասնությունը,- ընդգծեց Սերգո Երիցյանը:- Ե՛վ մենք, և՛ գալիք սերունդները պետք է լավ ճանաչենք նրա թողած հարուստ ժառանգությունը` և՛ աստվածաբանության, և՛ երաժշտության, և՛ առասպելաբանության, և՛ բանահյուսության բնագավառներում, մի խոսքով, կյանքի բոլոր այն ոլորտներում, որոնցում իր հետքն է թողել մեծ հոգևոր, ես կասեի` հոգևոր, բայց և պետական ու ազգային գործիչը»:


Այնուհետև ուխտավորներին են ներկայացվում այն աշխատանքները, որ կատարվում են այստեղ, մասնավորապես` զանգակատան նորոգման հետ կապված, որը թույլ կտա այն փրկել քանդումից: Սրբազան հայրն ասում է, որ բարերար Վահե Կարապետյանը, որն ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի որդին է, համաձայնել է, որ կատարվող նորոգումներն իրենց առնչությունն ունենան նաև մյուս երկու եկեղեցիներին, որոնցից մեկում ամփոփված է սրբադասված Ամենայն հայոց կաթողիկոսը:
«ՈՒրախ եմ, որ Կարապետյաններն արձագանքեցին իմ խնդրանքին և այսօր մենք ունենք նորոգվող զանգակատուն,- ասում է սրբազան հայրը:- Հաջորդ քայլերն էլ կլինեն: Եկեղեցին իր ցանկապատը պետք է ունենա` տարածքային հարթությունը և ամբողջականությունը: Եկեղեցուն կից գերեզմաններ կան, միշտ չէ, որ դրանք պահպանում են եկեղեցու գրավչությունը: Այս մասին էլ պետք է մտածել: Ի՞նչ անել, որ մեկը չխանգարի մյուսին։ Մտահղացում կա Արդվա եկեղեցու տարածքում տեղադրելու Հայրապետական գավազան` դարձյալ Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի հիշատակին: Այն այստեղ նոր կարևոր խորհրդանիշ կավելացնի: Այլ կառուցապատումների կարիք էլ կա։ Բայց ամեն ինչ հերթով»:
Սրբավայրը հետաքրքիր է ուխտավորների համար, որոնցից մեկն էլ գլխավորել է Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Գրիգոր քահանա Հովհաննիսյանը, ում համար ևս այս այցելությունը շատ կարևոր է:


Մեր ուխտավորները շատ տեղերում են եղել, բայց լսելով բոլոր պատմությունները` նրանք հասկացան, որ եզակի ուխտագնացության են եկել և այս ճամփորդությունը երբեք չեն մոռանա: Արդվու Սուրբ Հովհաննես եկեղեցու շրջակայքում ուխտավորները խումբ-խումբ իրենց տպավորություններն էին կիսում, ձգտում հիշել իրենց ընթերցածը: Մյուսները ճաշակում են մատուցվող մատաղը, մի խումբ երիտասարդներ էլ ծաղիկներ են խոնարհում Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի արձանին, երրորդներն էլ շտապում են «Օձի պորտ» հրաշագործ աղբյուր` ջուր խմելու և հրաշագործ ջրից տանելու:


«Մեր գյուղի համար սա մեծ տոն է,- ասում է բնիկ արդվեցի Արմենակ Վահրամյանը,- մենք շնորհակալ ենք այն բոլոր ջանքերի համար, որ համբերատար գործադրում է թեմի առաջնորդ Սեպուհ սրբազանը։ Ինչպես կարելի է մտածել, որ այս վայրում կարող է հանքավայր լինել և ջնջել դարերի հիշատակը։ Դա մենք թույլ չենք տա։ Մեր գյուղը պատմական բնակավայր է և կապված է շատ ազնվական ընտանիքների հետ։ Այդ մասին շատ հետաքրքիր պատմություններ կան»։


Կարինե ՏԻՏԱՆՅԱՆ
Արդվի-Երևան

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2758

Մեկնաբանություններ